Օրագիր.news-ի զրուցակիցն է «Ողջ Մնալու Արվեստը» ՌՀ ՀԿ ղեղակավար Վովա Վարտանովը:

-Պարոն Վարտանով, Ձեր ղեկավարած ՈՄԱ-ն, որպես ՊՆ ստորաբաժանում, եղել է պատերազմի ամենաթեժ կետերում: Շնորհիվ ձեզ, օրինակ,  Կարմիր Շուկան  մնացել է հայկական վերահսկողության տակ: Դրա հետ մեկտեղ բավականին քիչ կորուստներ եք ունեցել: Ո՞րն է հաղթելու Ձեր գաղտնիքը:

-Ամենաթեժ կետերի պահով այդքան էլ համամիտ չեմ: Մինչև նոյեմբերի երկրորդ կեսը մենք Քարվաճառում ենք եղել և հիմնականում զբաղված էինք ձորակներում ծուղակներ պատրաստելով, որպեսզի, եթե հակառակորդը ձորակները շրջանցելով մեր դիրքերին մոտենա թիկունքից, մենք իրենց ոչնչացնենք: Բարեբախտաբար, թե դժբախաբար թշնամին այդ ուղղությամբ ներթափանցման փորձ չարեց: Չնայած այդ հատվածում կրակային հարձկման ենք ենթարկվել և մեկ զոհ տվել: Դա եղել էՔարվաճառում տեղակայված զորամասի խնդրանքով նրանց թիկունքում 2-րդ գիծ կառուցելու ժամանակ է եղել,ինչը նախապես արված չէր, ցավոք: Ինչ վերաբերում է Կարմիր շուկային, այո, այնտեղ բավականին թեժ էր: Իհարկե, խնդիրը Կարմիր շուկան չէր, այլ տվյալ բնակավայրով անցնող ասֆալտապատ ճանապարհը, որը, եթե հակառակորդը Շուշի մտնելու հետ զուգահեռ տվյալ ճանապարհով ծանր տեխնիկա հասցներ Շոշ գյուղը, ապա Ստեփանակերտը բավականին լուրջ վիճակում կհայտնվեր:

ՈՄԱ գումարտակում մոտ 60 հոգի ՈՄԱ-ականներ կան: Նրանք երիտասարդներ են, ովքեր ՈՄԱ-ում որպես հրահանգիչներ են ներառված: Հենց նրանք էլ հիմնական ոսկորն էր կազմում մեր գումարտակի, որոնց շուրջ ևս 300 մարդ հավաքվեց պատերազմի ժամանակ: Մենք կարգուկանոնով չէինք փայլում, չնայած Քառվաճառում մեր մասին լեգենդներ էին պտտվում, թե մենք ամենակարգապահն էին և նույնիսկ տարբերվում էինք գործող բանակից: Չեմ կարծում, որ դա այդպես էր: Մոտիվացված՝ գուցե, ի վերջո կամավորներ էին: Սակայն, եթե հիշենք, թե որքան կամավորական ստորաբաժանում և մոբիլիզացված ռեսուրսի հատվածներ հայտնվեցին առաջնագծում և որքան արագ հետ քաշվեցին՝ զիջելով հակառակորդին առաջնագիծը, հիմնական բնագծերը և այլն, ապա երևի մեր գումարտակի ողնաշարի ՈՄԱ-ական լինելն էր հաղթանակի գաղտնիքը: Մյուսներին ներշնչող անձնակազմ, որոնք պարապած ու մարզված էին:

-Դուք ակտիվորեն վերապատրաստում եք քաղաքացիական բնակչությանը և վերջիններիս դարձնում մարտունակ՝ ընդլայնելով ՈՄԱ-ի ծավալները: Ձեր գնահատականով, Հայաստանի բնակչության քա՞նի տոկոսն է վերապատրաստել ու մատունակ դարձել:

-Չեմ կարծում, որ մենակ մենք ենք բարձրացնում բնակչության մարտունակությունը: Նմանատիպ կառույցներ կան, որոնք վաղուց են գործում, օրինակ՝ «Տիգրան մեծ» աշխարհազորային գունդը, կան նաև նորաստեղծ կառույցներ: Մենք տարբերվում ենք մեր նյութատեխնիկական բազայով, քանի որ արդեն 8 տարեկան կառույց ենք և բավականին բաց ենք աշխատում:

Համացանցում ամբողջությամբ ներկայացված ենք, և մեր ճանաչելիությունը մեծ դեր է խաղում: Ամբողջ գործունեությունը թափանցիկ է և ներկայացված, ուստի մեր մոտ ավելի շատ մարդիկ են գալիս: Մենք ոչ թե ՈՄԱ գումարտակի կազմն ենք մարզում ու շատացնում, քանի որ մոտ 5.000 մարդ ենք արդեն մարզել, իսկ գումարտակում 50-60 մարդ է: Մենք մեր առջև խնդիր չենք դրել, որ մեր կազմն ընդլայնենք: Մեր նպատակն է մարտունակ բնակչություն ունենալը: Եթե մենք որպես ստորաբաժանում ստիպված լինենք դուրս գալ մարտի դաշտ, ինչպես 2020թ. աշնանը, շրջապատված լինեն մարտունակ ու մարզված մարդկանցով, ովքեր նաև այլ ստորաբաժանումներում կլինեն ընդգրկված: Իհարկե, չի կարելի մեր բնակչության մարտունակության մակարդակը բարձր գնահատել: Դա հաստատեց նաև պատերազմը: Ցանկացած ազգի լավագույն հատվածն իր կամավորներն են՝ անկախ կրթությունից, սոցիալական դիրքից, դա ցանկացած ազգի սերուցքն է:

Էլիտան կամավորներն են, այլ ոչ թե հաստափոր փողատերերը կամ էլ ինստիտուտներում ու ակադեմիայում շալվար մաշեցնողները: Կամավորների մեծաթիվ քանակություն մարտի դաշտ դուրս գալն ու վերջիններիս այդքան վատ պարապած լինելը եղավ արդյունքը մեր կապիտուլացիոն պայմանագրի: Դա ցույց է տալիս, որ մարտունակության տոկոսը շատ ցածր է,ինչը գալիս է մեր գոռոզությունից ու հակառակորդին թերագնահատելուց: Բաժակաճառային հայրենասիրությունը մեզ կերել է:

-Ձեր կարծիքով, որո՞նք են հայկական բանակի առաջնահերթ խնդիրները:

-Այս պահին հայկական ԶՈՒ հիմնական խնդիրը ոչ մարզված լինելն է: Ալպինիզմի մեր հրահանգիչը, երբ  Մարտունի 2-ում ծառայում էր, իր մոտ էի գնացել և մինչև նրան բաց կթողնեին, ստիպված էի նստել ու հետևել զորամասի աշխատանքներին: Հասկացա, որ շատ վատ է ամեն ինչ, քանի որ այդ ընթացքում ոչ մեկ չէր պարապում, ոչ մի պարապող զինվոր այդպես էլ չտեսա: Մեր բանակի ամենամեծ պրոբլեմը ոչ պրոֆեսիոնալիզմն է: Մեր գիտելիքների պակասը բերում է նրան, որ մեզ մանիպուլացնում են և հրամցնում այն,որ պրոֆեսիոնալը՝ արհեստավարժը, վարձու պայմանագրային զինծառայողն է: Արհեստավարժը տվյալ գործի վրա շատ ժամանակ անցկացնողն է, սովորողն ու պարապողը:

Եթե դու վտանգված ես, ուրեմն պետք է շատ պարապես, որ այդ վտանգի տոկոսը քչացնես ու կեսունակությունդ բարձրացնես: Ցանկացած զինծառայող, նույնիսկ ապահով Շվեդիայի, մի քիչ ավելի վտանգված է, քան սովորական քաղաքացիականը: Ուրեմն պետք է մարզվել առավոտից երեկո՝ բարձրացնելով ունակությունների որակը: Հայաստանում դա ընդունված չէ: Ծառայության մեջ ընդգրկված ցանկացած անձ պետք է աշխատի իր մարտունակության բարձրացման վրա: Քարվաճառում մեր անձնակզմի 1/3 մասը դիրքերում դարաններ էր պատրաստում և դարանակալած նստում՝ հետևելով թշնամուն, իսկ մնացածը պարապում էին: Մյուս ջոկատներից տարբերվում էինք հենց դրանով: Ոչ արձակուրդներ էինք տալիս, ոչ էլ մի մասը բարձրանում էր դիրք, իսկ մյուսը՝ գալիս էր տուն: Նրանց համար ամեն ինչ կազմակերպված էր՝ բուժկետից մինչև հանգստի գոտի, ուտսի վերջիններիս մնում էր միայն քրտնաջան աշխատել:

-Հնարավո՞ր է հանձնվելով ու թշնամու ուզածը տալով՝ հասնել երկարատև խաղաղության:

-Հանձնվել կամ անձնատուր լինել՝ խուսափելով պատերազմից, ճիշտ չէ: Եթե դու ձգտելով խաղաղության ընտրում ես պատվազրկության ճանապարհը, ստանում ես հա՛մ անպատվություն, հա՛մ զրկվում ես խաղաղությունից: Օրինակ, 150 հոգի հանձնվեցին, ես դա լավ չեմ հասկանում: Մեր գումարտակը շրջափակման պայմաններում էր գործում: Մենք հանձնվելու մասին չենք էլ մտածել: Տվյալ տարածքի հրամանատարը, ում ենթարկվում էինք, ասում էր՝ թույլ չեմ տա, որ շրջափակման մեջ մնաք: Ասում էր, ոչինչ անել պետք  չէ, քանի որ շրջափակման մեջ լինելով՝ ավելի շատ ենք աշխատում մեր վրա ու ուժ ներդնում վիճակից դուրս գալու համար:

Ասեցի ես մի քանի պլան կկազմեմ, թե ինչպես շրջափակումից դուրս գալ, կդիմադրենք մինջև վերջին փամփուշտը: Նա ընդհամենը որոշակի ուժ կուտակեց մի հատվածում, որ ամենաանելանելի պահին կարողանա կրակային ճնշմամբ մեզ հնարավորթյուն տա ճեղքել շրջափակումը: Մեկ այլ խնդիր է, որ պատվում ու մեծ շուքով ընդունում ենք այն մարդկանց, ովքեր գերությունից են վերադառնում: Այո, նրանք մերն են, նրանց ցանկացած օր թշնամու մոտ ինձ համար մեծ ցավ է, բայց նրանց պետք է լուռ ընդունել ու առանց աղմուկի ու շատ արագ տանել վերականգնվելու՝ հատուկ  ծառայությունների վերահսկողության ներքո: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մեծարում ենք նրանց: Բայց փոխարենը լռում ենք այն տղայի մասին, որը մի քանի օր առաջ, երբ դիրքը ոչնչացվել էր, գտել էին նրան վիրավոր՝ նռնակը ձեռքին: Դա կարող էր լեգենդ դառնալ: Մեր հասարակությունն իր համար ընտրել է ծնկի կանգնած ու ամեն գնով խաղաղաղության ճանապարհը:

-Ձեր կարծիքով, ո՞ր պահից սկսվեց հայկական ոգու անկումը, թե՞ դա միֆ էր:

-Միանշանակ, 1989 թ.-ի աշնանը, երբ կես միլիանոց միտինգավորներից մարտի դաշտ մեկնեցին 500-ը: Երևանում կոկորդ ճղելը հեշտ է: Ուստի մեծ ուշադրություն է պետք դարձնել մեր սերուցքի՝ կամավորների վրա: 1989 թ. ֆիդայինների հետ եմ եղել, հետո, երբ սկսեց կամավորական շարժումը զարգանալ, կազմել էինք հատուկ նշանակություն խումբ, որը անդադար պարապում էր: 2020 թ. աշնանը ՈՄԱ մեծ քանակությամբ կամավորներ եկան, ես հրահանգեցի՝ ոչ մեկին առանց մինիմալ դասընթացների մասնակցության չգրանցել: Իհարկե, այդ հոսքը նոյեմբերին կտրուկ կրճատվեց, քանի որ մարդիկ մտածեցին, որ պատերազմը վերջացել է և մարզվել էլ պետք չէ:

Բայց եթե մենք լավ պատարստվեինք, ավելի քիչ զոհ կունենայինք: Ապագա բախումներին ավելի լավ պետք է պատրաստվել: Ավելին, եթե մենք այնքան լավ պատարստվենք, որ համատարած միլիտարիզացիա տեղի ունենա, պատերազմ չի լինի: Եթե դու ատոմային արսենալի պես վնաս կարող ես տալ թշնամուդ, նա չի հարձակվի: Մենք չենք կարող հաղթել 90 մլն Թուրքիայի զորքին, դրան գումարած մերձկասպյան մահմեդականներին, բայց չպարտվել հնարավոր է: Եթե դու լավ մարզված, կազմակերպված ու զինված ժողովուրդ լինես, որի յուրաքանչյուրի տանը զենք լինի ու կամավորական ինչ-որ խմբում գրանցված լինի, համապատասպան որակի բանակ կունենանք: Արդյունքում թուրքի համար մի այնպիսի թունավոր սնունդ կդառնաս, որ նա երբեք քեզ կուլ չի տա, քանի որ հիմար չէ: Իրականում լայնածավալ պատերազմի վտանգ միշտ էլ կա: Նայեք Շվեյցարիային, նա ամենամարտունակ բանակն ունի, ինչը նշանակում է, որ նրան ձեռք չեն տա երբեք: Իսկ մեր պետությունը, առանց մտածելու վերցրել արտատպել է նախկին ԽՍՀՄ-ի զորավարժությունների կազմակերպման պլանը: Նրանց տարածքն այնքան մեծ էր, որ մի ամիս գալիս հասնում էին, մի ամիս վարժվում, մի ամիս էլ հետ գնում:

Բա մենք ո՞ւր ենք տանելու և ի՞նչ ենք անելու 3 ամսվա ընթացքում, դա անիմաստ ու սխալ ժամկետ է: Եթե առաջնահերթ խմբի համար զորավարժություններ կազմակերպվի մեկ շաբաթով տարվա 4 եղանակներին, ավելի արդյունավետ կլինի: Ո՞վ կարող է երեք ամիս թողնել ամեն ինչ ու գնալ վարժանքների: Ավելի շատ մարդ կընդգրկվի ու ավելի արդյունավետ կլինի: Առանց երկար թղթաբանության մեկ օրում պետք է կազմակերպել ու միանգամից սկսել՝ առանց ժամանակ կորցնելու: Իսկ մենք պատերազմի ամենաթեժ օրերին երկու օր զենք էինք ստանում: Պետք է սովորել աշխատել իմանալ, ինչի արդյունքը երեք ամսվա ժամկետով զորավարժություններն են: Ճիշտ կազմակերպված վարժանքները պետք է մշտական լինեն:

Դա է մեր փրկությունը: Ընդհանրապես պետք է զգույշ ու ուշադիր լինել թուրքի հանդեպ, քանի որ հեռահար պլաններ ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Ուստի հարկավոր է ոչ միայն արհեստավարժ բանակ ունենանք, այլև՝ բնակչություն: Միթե մենք չենք ուզում Սինգապուրի կամ Ֆինլնդիայի նման հարուստ ու լավ ապրենք: Իհարկե ուրագի նման պետք է միայն քեզ չքաշես, ընդհանուր պետք է հարստացնել պետությունը, իսկ հաջողության հասնելու համար պետք է ռազմականացնել երկիրը՝ իր բոլոր ճյուղերով:


Կարդացե՛ք նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.