Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբևէ ամենամեծ տուգանքն է կիրառել խաղային ընկերութան, այն է՝ Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել և օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Times of Malta-ից։

Ընկերությունը չի կապակցել նույն լիցենզիայով տարբեր բրենդների ներքո խաղացող օգտատերերին։

Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը խաղացողներին «բարձր ռիսկի» դասել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս խաղերի վրա ծախսել են 2000 եվրոյից ավելի։ Մասնավորապես, Շահումով խաղերի վարչության ու Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինների ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ 30 օգտատերեր հատել են 2000 եվրոյի սահմանը, սակայն չեն դասվել որպես «բարձր ռիսկի» խաղացողներ։ Այդպիսով FIAU-ն արձանագրել է, որ ընկերությունը չի հետևում նույնիսկ իր սահմանած կանոններին։

Ինչ են անում Բադալյանները Մալթայում

«Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայում մի քանի ընկերություն են գրանցել իրենց բիզնեսը ծավալելու համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ իրականացվող Paradise Papers նախագծի շրջանակներում մեր ձեռքի տակ են Բադալյանների ընկերությունների փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում ենք դեռևս 2018թ․-ից։ Ըստ այդմ՝ նրանք բաժնետեր են Մալթայում գրանցված առնվազն 3 ընկերության: 2008-ին Մալթայում գրանցել են Vivaro Ltd ընկերությունը, իսկ 2015-ի օգոստոսին իրենց բաժնեմասը եղբայրները փոխանցել են Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ին: 2014-ին նրանք Մալթայում ևս գրանցել են Soft Construct Malta Ltd, որի սեփականատերը կրկին Մեն կղզու գրանցումով Soft Construct Limited-ն է, իսկ 2015-ին Մալթայում գրանցել են FC Capital (Malta) Limited ընկերությունը:

2018թ․ մայիսի 31-ին նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Սոֆտ Կոնստրակտ» ընկերության գրասենյակ։ Նախագահի պաշտոնական կայքում նշվել է, որ Սոֆտ Կոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր:

Բադալյանների բիզնեսի մաս է նաև Աշտարակի խճուղում գործող «Կովկաս» հյուրանոցային համալիրը, ներառյալ՝ ռեստորանային  համալիրն իր հանդիությունների 4 սրահով, գինետունն ու հանդիպումների սրահը:

Բադալյան եղբայրները 2014թ.-ին հիմնադրել են նաև «Գետառ բիզնես կենտրոն» ՍՊԸ-ն, որի կանոնադրական կապիտալն այժմ 549 մլն դրամ է: Համաձայն ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն է իրականացնում: Այն գրանցված է Կենտրոնում՝ Գետառի 4/17 հասցեում, և այդ հասցեի շենքի սեփականատերերը, համաձայն Կադաստրի, Բադալյան եղբայրներն են:

2 մլն եվրո՝ Մալթայի քաղաքացիության համար

Հայաստանում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերը՝ Վահե եւ Վիգեն Բադալյանները, 2016-ին դարձել են Մալթայի քաղաքացիներ։ Նրանց հետ քաղաքացիություն է ստացել ընտանիքի անդամներից ևս 10 հոգի։

«Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- մեր գրավոր հարցման պատասխանում նշել են Վահե և Վիգեն Բադալյանները:

Ինչո՞ւ են Հայաստանում հաջողակ գործարար եղբայրները որոշել դառնալ Մալթայի քաղաքացի։ Ի՞նչ է տալիս Մալթայի քաղաքացիությունը նրանց։ Այս հարցերին եղբայրները պատասխանել են.

 Մեր ընտանիքը որոշել է դառնալ Մալթայի քաղաքացի, որպեսզի չունենանք վիզայի խնդիր արտասահման մեկնելիս: Մեր ընտանիքի մի շարք անդամներ աշխատում են մեզ պատկանող Soft Construct ընկերությունում, որը գրասենյակներ ունի աշխարհի 15 երկրներում և տարեկան մասնակցում է ավելի քան 90 միջազգային էքսպոների, ու մեր աշխատանքը պահանջում է հաճախակի բիզնես-ուղևորություններ ամբողջ տարվա ընթացքում: Մալթայի քաղաքացիությունը մեզ հնարավորություն է տալիս 168 երկիր մուտք գործել առանց վիզայի»։

от Neravan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *