Մի անգամ Կոմիտասը մայթեզրին նկատում է մաշված մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. «Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկե` ոչ ունևոր մարդու»:
Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկել հիմա:
Կոմիտասը, որ ժամադրության ու ճաշի էր շտապում, քարացած մնում է տեղումանձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է
շուտով կհայտնվի։ Բա՜յց… չի հայտնվում քսակի տերը:
Կոմիտասը անհանգստանում է. արդեն շատ է ուշացել ժամադրությունից: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց: Երեք ժամ կանգնած է փողոցում: Եվ ահա հեռվից նկատում է, թե ինչպես մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապես.
— Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
— Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալի աչքերում:
— Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:
— Մոխրագոյն, մաշված քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը և շտապում:
Հուզված էր. կյանքում առաջին անգամ ժամադրություն չէր հարգել: