Երեկ Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակում մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ քննարկելու Արցախի ներքաղաքական խնդիրները։ Քննարկվում էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնյաների հրաժարականը պահանջելու հարցը։ Ներկաները նաև նշում էին, որ Արցախի նախկին նախագահները Արցախում չեն գտնվում, բացի Բակո Սահակյանից։
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը այնուհետ ֆեյսբուքյան իր էջով պարզաբանել էր, թե ինչն էր հավաքի բուն նպատակը, և որոնք էին իրենց պահանջները։ 

Պետրոսյանը նշեց, որ ԱՄՆ կողմից նոր համանախագահի նշանակումն ու համանախագահ երկրներից ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՝ Ադրբեջանում նշանակված դեսպանների՝ Շուշի չգնալու փաստը հույս տալիս է, սակայն արտաքին քաղաքականության վրա իրենք ազդել չեն կարղ և պետք է կենտրոնանալ ներքին քաղաքականության վրա։

«Շատերն այսօր անվտանգությունից են խոսում, բայց պետք է հասկանալ, որ անվտանգություն ունենալու համար պետք է հզորանալ, հզորանալու համար էլ պետք է լավ տնտեսություն ունենալ, իսկ դրա համար պետք է պայքարել համակարգային կոռուպցիայի դեմ»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Պատերազմից երկու տարի է անցել, սակայն ներքին կյանքում, ըստ Պետրոսյանի, որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել՝ Արցախում տիրում է նույն կոռուպցիան, նույն խնդիրներն են։

«Ընտրություններ անցկացնել, գիտենք, որ այժմ հնարավոր չէ։ Հետևաբար պետք է կադրային փոփոխություններ տեղի ունենան՝ զսպելու համար Արայիկի ախորժակը։ Մենք կարծում ենք, որ պաշտոն պետք է զբաղեցնեն հայրենասեր մարդիկ, իսկ հայրենասիրությունը կենացներով չի չափվում։ Պաշտոնի պետք է նշանակվեն պատերազմին մասնակցած մարդիկ, նրանք, որոնց որդիներն ու հարազատներն են մասնակցել պատերազմին։ Պետք է պաշտոնի նշանակվեն բարձրագույն կրթություն ստացած անձինք, նաև նրանք, ովքեր կապ չունեն այս արատավոր համակարգի հետ», — ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահը և հավելեց, որ փորձում են գործադիր մարմնում ստեղծել հավասարակշռություն՝ ի հակադրություն գործող իշխանության, իսկ դրա համար պետք են մի քանի պաշտոնյաների հրաժարականներն ու նոր նշանակումներ։ 

«Առաջինը պետք է հրաժարական տա պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Երկրորդը, մենք տեսնում ենք, որ այս երկու տարիների ընթացքում անընդհատ զիջումների ենք գնում, բանակցությունները որևէ արդյունք չեն տալիս, հետևաբար կարծում ենք, որ բանակցողները անբավարար գնահատական են ստանում, և բացի մի շարք այլ հանգամանքներից, նաև այդ պատճառով է, որ Վիտալի Բալասանյանը պետք է ևս հրաժարական տա։ Երրորդը ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջն է՝ կոռուպցիան զսպելու նպատակով»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Պետրոսյանն ասաց նաև, որ պաշտոններից պետք է հեռացվեն նաև նրանք, որոնց երեխաները, ընտանիքի անդամները չեն գտնվում Արցախում։ Երեկ կայացած ակցիան, ըստ Պետրոսյանի, ընդամենը սկիզբն է, որով դրվելու է փոփոխությունների հիմքը։ Այդ երեք հրաժարականները այդ փոփոխությունները սկսելու առաջին քայլը պետք է լինեն։

«Մենք երկու տարի անգործ նստել ենք, հասկանում եմ, որ սթրեսի մեջ ենք եղել, սակայն երկու տարին բավարար  ժամանակ է, որ այդ սթրեսն անցնի, ու անցնենք գործի։ Եթե մեզ չխաբեն, պայմանավորվածություն ունենք, որ այսօր հանդիպելու ենք Արայիկ Հարությունյանի հետ։ Մենք դնելու ենք մեր այդ երեք պահանջը՝ այդ երեք պաշտոնյաների հրաժարականի պահանջը»,- ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահը։

Պետրոսյանը նշեց, որ այսօր ևս, սկսած ժամը 19-ից, հավաքվելու են Ստեփանակերտի «Վերածնունդ» հրապարակում, և կոչ արեց բոլորին ընտանիքներով ներկայանալ հրապարակ։

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.