Ընդդիմությունը մի քանի ամիսների դադարից հետո հայտարարել է, որ սեպտեմբերից կրկին ակտիվանում են և դուրս գալիս պայքարի, որի նպատակը շարունակում է նույնը մնալ՝ իշխանափոխությունը: Ելնելով սրանից՝ սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը կրկին հանրահավաք է հրավիրել:

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ընդդիմության նպատակն իշխանափոխությունը չէ, այլ երկիրը միշտ անկայուն վիճակում պահելը:

«Խորհրդարանական ընդդիմությունը գիտի, որ ունակ չէ լայն զանգվածներ հավաքել, քանի որ հայ ժողովուրդը լավ է ճանաչում իրենց: Նրանք խորհրդարանական ընտրություններին հավաքել էին մոտավորապես 300 հազար ձայն, սակայն իրենց հանրահավաքներին 3-4 հազարից ավելի մարդ չէր մասնակցում: Սա ցուցիչ է իրենց աշխատանքի ու ով լինելու: Նախորդ ակցիաների ընթացքում ամեն բան փորձեցին, բայց ոչինչ չհաջողվեց: Նույն պատմությունը կրկնվելու է հիմա»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Վերջինս նկատում է՝ ընդդիմությունը լավ գիտի՝ իշխանության երբեք չի գալու, բայց «էշի համառությամբ» շարունակում է նույնն անել. «Որովհետև գիտեն՝ պետությունը, միշտ անկայուն վիճակում պահելով, վնաս են հասցնում: Չեն ցանկանում, որ երկիրը նոր ներդրումներ ունենա, լուծի իր անվտանգային խնդիրները, իշխանությունն էլ գիշեր-ցերեկ զբաղվի իրենցով»:

Քաղաքագետի նկատառմամբ՝ խորհրդարանական ընդդիմության հետևում այլ ուժեր են կանգնած. «Կարծում էին, թե իրենց հովանավոր պետությունն է աջակցելու: Դրա համար նրանք շարունակում են կեղտոտել հայաստանյան քաղաքական դաշտը, ներկայանում են ընդդիմություն՝ փակելով մնացած ուժերի ճանապարհը»:

Դիտարկմանը՝ գործող իշխանությունից դժգոհ զանգված էլ կա, սակայն այդ զանգվածը չի միանում ընդդիմությանը, ինչո՞ւ, քաղաքագետն ասում է՝ քանի որ չկան նոր դեմքեր: «Այս մարդկանց կառավարման ժամանակահատվածում Հայաստանը հայտնի է եղել որպես կոռումպացված պետություն: Նրանք թուլացրել են ՀՀ-ի բանակը, անվտանգությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, ամեն-ամեն բան, և կարծում են՝ հասարակությունը դա մոռացե՞լ է: Իրենք շանս չունեն, 5-րդ շարասյունը ներկայացնող ուժեր են, քայքայիչ խմբակներ»,- նշում է նա:

Սուքիասյանը շեշտում է՝ ինքն էլ է դժգոհ այսօրվա իշխանությունների որոշակի քայլերից, սակայն չի միանում այս ընդդիմությանը, քանի որ գիտի՝ նրանց հետևում ովքեր են կանգնած: Բացի դրանից, ամեն հարց չէ, որ փողոցային պայքարով է լուծվում:

Նկատառմանը, որ այս ընթացքում քաղաքական դաշտում նոր դեմքեր են հայտնվել, որոնք նույնպես փողոցային պայքարի միջոցով փորձում են պայքարել իշխանության դեմ. օրինակ՝ Էդգար Ղազարյանը վերջերս հանրահավաք էր հրավիրել, քաղաքագետը նկատում է՝ վերջինս այդքան էլ նոր դեմք չէ:

«Էդգար Ղազարյանը քաղաքական գործիչ չէ: Նա հստակ թվեր էր նշել, որ այդ օրվանից հետո Նիկոլ Փաշինյանը այլևս չի շարունակելու լինել ՀՀ վարչապետ: Սակայն, ինչպես տեսնում եք, այդ ամսաթիվն անցել է, իսկ Փաշինյանը շարունակում է ղեկավարել: Նա, եթե լիներ քաղաքական գործիչ, վաղուց պետք է չքվեր արենայից, քանի որ իր խոստացածը տեղի չունեցավ: Ղազարյանի նման հարյուրավոր ընդդիմադիրներ կան, բայց նրանք բոլորն էլ Հայաստանի վատթարագույն անցյալի կրողներն են: Ժողովուրդն էլ ունի հավաքական բնազդ և չի կանգնում բոլոր այն մարդկանց կողքին, որոնք թելերով կապված են նախկին իշխանություններից»,- շեշտում է զրուցակիցը:

Վերջինս նաև նշում է՝ Հայաստանում պայքար ասելով՝ հասկանում են փողոցներում թավալ գալը, սակայն հարցերը միայն ակցիաներով ու հանրահավաքներով չէ, որ լուծվում են: Նրա նկատառմամբ՝ իրենց Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցությունը մասնակցում է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին, որոնք տեղի են ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և դրանք համարում են շատ արդյունավետ:

«Մեր կուսակցությունը, որքան հարց ներկայացրել է այդ հանդիպումների օրակարգերում, դրանք բոլորը քննարկվել են: Այդ հանդիպումների միջոցով մենք ավելի շատ հարց ենք կարողացել լուծել, քան այն ուժերը, որոնք ամբողջ օրը դրսերում են անցկացնում իրենց ժամանակը: Փողոցում մաշվելու և ժողովրդի նյարդերը ուտելու վարքաբանությունը չեմ ընդունում»,- ասում է Սուքիասյանը:

Ըստ քաղաքագետի՝ միշտ կարելի է ավելի լավին ձգտել, բայց այս քննարկումները այս պահի դրությամբ դրական է համարում. «Իսկ փողոցում, եթե հավաքվեինք, անիմաստ ժամանակ էինք կորցնելու: Դրանով նաև պետությանն ես վնասում, այլ երկրների աչքերում՝ գցում քո երկրի իմիջը: Խորհրդարանական ընդդիմությանն էլ խորհուրդ կտամ պատրաստվել ընտրություններին»:

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.