Բրյուսելում այսօր տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ։

«Ինչպես պայմանավորվել էինք մեր վերջին հանդիպման ժամանակ, այսօր ընդունել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին։ Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումներն ուղղված էին Հարավային Կովկասի վերջին զարգացումներին, ԵՄ-ի և երկու երկրների հարաբերություններին:

Մեր կարծիքների փոխանակումը բաց և արդյունավետ էր, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ղեկավարներին։ Մենք դիտարկել ենք մեր օրակարգային հարցերի ողջ շրջանակը։ Ուրախալի է տեսնել, որ մեր վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների առաջընթացի համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։

Այսօր մենք պայմանավորվեցինք ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ պայմանագրի առաջխաղացման ուղղությամբ և հանձնարարեցինք արտաքին գործերի նախարարներին տեքստերի նախագծերի մշակման համար մեկամսյա ժամկետում հանդիպել։ Մանրամասն քննարկել ենք նաև հումանիտար հարցեր, այդ թվում՝ ականազերծման, գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին»,- ասել է Միշելը։

Շառլ Միշելը կարևորել է հայ գերիների ազատ արձակումը։ Նա նշել է, որ ԵՄ-ն կշարունակի զբաղվել այս հարցով, ապա անդրադարձ է կատարել սահմանային խնդիրներին։

«Մենք վերանայել ենք առաջընթացը սահմանների սահմանազատման հետ կապված բոլոր հարցերում, ինչպես նաև կայուն իրավիճակ ապահովելու լավագույն միջոցները: Պայմանավորվել ենք, որ սահմանային հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերին՝ Բրյուսելում։ Ծանոթացել ենք տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանների քննարկման ընթացքին։ Կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու երկրների ժողովուրդներին պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։

Հրապարակային ուղերձներն այս առումով վճռորոշ են՝ նման նուրբ իրավիճակում հրապարակային ասված յուրաքանչյուր խոսք ակնհայտորեն լսվում է մյուս կողմի կողմից և կշռադատվում: ԵՄ-ն պատրաստ է է՛լ ավելի ամրապնդել իր աջակցությունը երկարաժամկետ կայուն խաղաղության հարցում: ԵՄ-ն նաև կշարունակի ջանքեր գործադրել ավելի արագ տնտեսական զարգացման համար՝ ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների»,- ասված է Միշելի հայտարարությունում:

Աղբյուրը՝ mamul.am

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.