Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ Նապոլեոնին մի անգամ հարցրին, թե ի՞նչ է պետք պատերազմում հաղթելու համար, նա, մի քիչ պարզունակացնելով իրավիճակը, այնուհանդերձ մատնացույց արեց հիմքերի հիմքը, ասելով, թե. «Պատերազմում հաղթելու համար պետք է երեք բան՝ ՓՈՂ, ՓՈՂ… ու ևս մեկ անգամ՝ ՓՈՂ»: Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, մենք գտնվում ենք պատերազմական դրության մեջ, իսկ ժամանակակից պատերազմում պետք է ունենալ ԼԱՎ, ԱՌԱՋՆԱԿԱՐԳ ՏԵԽՆԻԿԱ և ցանկալի է այն ունենալ ԹՎՈՎ ՇԱՏ, գոնե ավելի շատ, քան քո հավանական հակառակորդն ունի:

Հերոսությունը, քաջությունը և ոգու կորովն, անկասկած պետք են պատերազմի դաշտում, ի դեպ, դրանք հայ ռազմիկին երբեք էլ չեն պակասել, սակայն առանց առաջնակարգ տեխնիկայի ներկայումս ցանկացած բանակ դատապարտված է պարտության, մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկայի հնդկացիներն էին դատապարտված պարտության եվրոպական տեխնիկայի հետ ընդհարվելիս: 
Աշխարհի հայության ձեռքին փող, մեծ հաշվով, կա, ուղղակի խնդիր կա այն ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌԵԼՈՒ:

Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ: Կարծում եմ, անկասկած է, որ սա ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՅԼԻ ՍԿԻԶԲ Է և հետագայում պարոն Վարդանյանին մենք Արցախում կտեսնենք ամենաբարձր պաշտոններից մեկում, եթե ոչ՝ ամենաբարձրում: Արդյունքում հուսանք, որ մենք շուտով կունենանք մի իրավիճակ, երբ մեր ազգի մեծահարուստներն, ի վերջո, մեջտեղ կբերեն իրենց ֆինանսական հսկայական միջոցները, դրանց պատշաճ կառավարում կապահովեն և կկենտրոնացնեն Հայոց պետականության ուժեղացման ուղղությամբ:

Ի վերջո նաև ազգային հպարտության՝ ԹԱՍԻԲԻ, խնդիր կա, նաև նույն այդ մեծահարուստների մոտ:
Իրոք, ամեն ինչ անցողիկ է և ի՞նչ տարբերություն, թե քեզնից հետո դու ժառանգներիդ, օրինակ 7 միլիարդ դոլարի կարողություն կթողնես, թե՞ 5 միլիարդ, տարբերությունը քիչ է, բայց նույն այդ տարբերության հաշվին դու կկարողնաս ոչ միայն ազգիդ ու պետության համար ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳՈՐԾ ԱՆԵԼ, այլև՝ մնալ պատմության մեջ որպես ազգիդ հերոս: Կարծում եմ, սա արժե այն բանին, որ մեր ազգի մեծահարուստները լրջորեն մտածեն այս ուղղությամբ:

Ի դեպ, Ռուբեն Վարդանյանը միայն ինքը չէ, ի դեմ այս անձնավորության մենք գործ ունենք ռուսական մեծահարուստների ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ, բայց ի՞նչն է հետաքրքիր, որ առաջիկա գործում կարող է իր ներդրումն ունենալ նաև արևմտյան մեծահարուստ հայկական կապիտալը, ի դեմ, օրինակ, Նուբար Աֆեյանի: Գուցե նաև՝ այլոց: 


Սպասենք, բայց այս ամենն ամեն դեպքում գոնե զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս: ԱԼԻԵՎԸ ՄԵԶ ՀԱՂԹԵՑ ՄԵԾ ՓՈՂՈՎ, դեմ տվեք իրեն մեծ փող ու… հայի ոգին և, երբ կբացվի հնարավորության պատուհանը, մենք կօգտվենք իրավիճակից: 
Ի դեպ, այս մասին ես խոսել եմ դեռևս այս տարվա մայիսի 9-ին, ստորև վիդեոնյութը Ռուսարմինֆոյի ստուդիայից։

Տեսանյութ՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.