Գերիների վերադարձի հավանականությունը տեսնում եմ. Գործընթացն ավելի հեշտ կլիներ, եթե չլիներ ՌԴ-Արևմուտք մրցակցություն 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԻԵԴ–ում հայգերիների շահերը պաշտպանող փաստաբան Սիրանուշ Սահակյանը

Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Շառլ Միշելի տարածած հայտարարությունից պարզ դարձավ, որ հորդորել է Ալիևին գերիների ազատ արձակման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Մինչ այդ էլ դուք նշում էիք, որ այս հանդիպումը կարող է ռազմագերիների վերադարձի առումով հաջողություն արձանագրել: Հիմա ինչպե՞ս եք գնահատում Միշելի այս հայտարարությունը:

Նախ, հավանականությունը դեռևս տեսնում եմ, այսինքն չկա որևէ փակ տվյալ, որի միջոցով ես պնդեմ, որ  նման հանդիպումները չեն կարող ապահովել գերիների հայրենադարձում:  Պոտենցիալը գոյություն ունի, բայց կան գործոններ, որոնք խոչընդոտում են անգամ այս հանդիպումների ֆոնին գերիների հայրենադարձումը: Դրանք Ռուսաստան-Արևմուտք հակադրություն է և Հարավային Կովկասում  վերադիրքավորումների նպատակով մրցակցությունը:  Մրցակցություն կա նաև գերիների  հայրենադարձման հարցում, ինչը  նշանակում է, որ այդ երկու  կենտրոնները փորձելու են միմյանց նաև խոչընդոտել, որպեսզի իրենք դառնան դերակատարը և մարդասիրական խնդիրը լուծելու դափնիները վերցնեն իրենց:

Բայց միաժամանակ այդ հայտարարությունները ինձ համար շատ ֆորմալ են հնչում, որովհետև կոչերը բավարար չեն պարտավորությունների կատարումը երաշխավորելու, ապահովելու համար: Մենք գիտենք, որ դիվանագիտական լեզվով ԵՄ-ն, եվրոպական կառույցները դարձյալ կոչ են արել Ադրբեջանին հայրենադարձնել գերիներին, սակայն շուրջ երկու տարի անց դեռևս 38 գերիներ մնում են անազատության մեջ: Ավելին, մեծաքանակ գերիների գերեվարման փաստը ինքնին Ադրբեջանը չի հաստատում: Դրա համար եթե եվրոպական կառույցների իրական մտադրությունը խնդրին լուծում տալն է, նրանք ունեն անհրաժեշտ գործիքակազմ և կարող են  ավելի լուրջ գործիքներով ներազդել Ադրբեջանի վրա, ինչպիսին կարող է լինել պատժամիջոցների սպառնալիքը:

Մյուս գործոնն այն է, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերություն է ստեղծվում, և այդ հարաբերությունները խորացվում են: Եվրոպական կառույցները գազի ու նավթի հարցում որպես Ռուսաստանին այլընտրանք դիտարկում են Ադրբեջանին և պատրաստ են լավ պայմաններով , տնտեսական շահերից ելնելով հարաբերվել Ադրբեջանի հետ: Ավ այստեղ իրարամերժություն գոյություն ունի, քանի որ եվրոպական կառույցները միշտ միջազգային գործընկերներին գայթակղելիս նշում են, որ եվրոպացիները  առաջնորդվում են արժեքներով և իրենց համար խիստ կարևոր է գործընկերոջ ժողովրդավարացման աստիճանը, կոռուպցիայից մաքուր լինելը և մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի խախտումների մեջ ներգրավված չլինելը: Մինչդեռ Ադրբեջանի առնչությամբ միջազգային զեկույցները հաստատում են, որ այն ավտորիտար ռեժիմ է, կոռուպցիայի վերաբերյալ համաթվերը վկայում են սիստեմատիկ կոռուպցիայի մասին, որում ներգրավված է նաև Ալևների ընտանիքը: Եվ երրորդը, էթնիկ  զտումներ և պատերազմական հանցագործություններ են ծրագրվում և իրականացվում տևական ժամանակ հայերի նկատմամբ, և հայատյաց քաղաքականությունը պետական քաղաքականության անբաժանելի մասն է: Նման պայմաններում ամոթալի է դառնում, որ եվրոպական կառույցները իրենց սեփական շահերից ելնելով հովանավորում և տարաբնույթ գործարքներ են կնքում Ադրբեջանի հետ: Հիմա միգուցե իրենց վարկանիշային անկումը թույլ չտալու կամ մեղմելու նկատառումներից ելնելով այդ կառույցների մոտ մեծանա հետաքրքրությունը և այդ նույն գործարքների շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերեն, որ ի պատիվ եվրոպական կառույցների Ադրբեջանը հանձն առնի հայ ռազմագերիների հայրենադարձումը:

Կարծում եք այս փուլում վա՞ղ է ակնկալել, որ իսկապես տեղի կունենա գերիների հայրենադարձում:

Ես դա չեմ բացառում, հավանական եմ համարում, եթե մեծ լարվածություն չլինի Ռուսաստանի կողմից: Մենք տեսանք հայտարարություն, երբ Ռուսաստանը բացահայտ մեղադրեց եվրոպացիներին Հարավային Կովկասում կատարված ռուսական ջանքերի դափնիները գողանալու մեջ, և դա վերաբերում է ինչպես ավելի մեծ բնույթ ունեցող սուր քաղաքական խնդիրներին՝ խաղաղություն, սահմանազատում, այնպես էլ մարդասիրական խնդիրներին:

Ձեր կարծիքով, Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի ջանքերն են ավելի արդյունավետ գերիների վերադարձի հարցում:

Այստեղ նորից հստակ միտումներ կարող ենք տեսնել. Ավելի վաղ փուլերում բացառապես դա հնարավոր է եղել Ռուսաստանի ջանքերով, սակայն ավելի ուշ փուլերում նվազեցվեց Ռուսաստանի դերը և վերջին հայրենադարձումներում ավելի մեծ դերակատարում ստացան այլ կողմեր՝ արևմտյան կառույցներ, արևմտյան երկրներ: Այստեղ մենք փոփոխություն ենք տեսնում: Ռուսաստանի դոմինանտ դերը նվազեց և նոր խաղացողներ ի հայտ եկան:  Եթե այս երկրներն ավելի լավ երկխոսեին, գերիների խնդիրը հեշտ լուծելի կլիներ, բայց քանի որ նրանք նաև մրցակցում և հակադրվում են  հայրենադարձման խնդրով, կարծում եմ՝ սա Ադրբեջանի համար ավելի հեշտ է դառնում խնդրի ձգձգումը: Նրանք միասնական հանդես չէին գալիս, իհարկե, սեփական շահերից ելներով, որը կօգներ ռազմագերիների խնդրի լուծմանը:

Գերիների վերաբերյալ պաշտոնական և իրական թվերը տարբերվում են: Որքանով կարող են մեր ունեցած փաստացի տվյալները հիմք հանդիսանալ գերիների վերադարձի համատեքստում:

Մենք երկու ուղղությամբ պետք է աշխատենք. Մեկը, որ  հաստատված գերիներն օր առաջ հայրենադարձվեն, խոսքը 38 հոգու մասին է, և երկրորդ, որ Ադրբեջանը այդ ճնշումների ներքո ընդունի գերեվարման բոլոր դեպքերը: Նույնիսկ այն պարագայում, երբ գերեվարվածների հետ արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, միևնույն է, Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի այդ միջադեպերի համար, ընդունի գերեվարման հանգամանքը, գերեվարման ընթացքում տեղի ունեցած արտակարգ դեպքերը և ճշմարտությունը հայտնի հայկական կողմին և ընտանիքի անդամներին:

Աղբյուրը՝ 1in.am

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.