Գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է ռուսաստանյան քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում:

Բացի այդ, Վարդանյանը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով դադարեցնել զսպանակը սեղմել. «Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար այստեղից դուրս մղեք հայերին։ Դա անհնար է», – նշել է նա իր տեսաուղերձում։

Ավելի վաղ Վարդանյանը հանդես էր եկել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ ստեղծելու առաջարկով:

Արցախում այս օրերին նստացույց իրականացնող «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերաբերյալ երկակի կարծիք ունի․ «Որպես Արցախ ներգաղթող մարդ, ես լավ եմ վերաբերում։ Վատ չէ, որ դրսից հայեր են գալիս Արցախում բնակվելու համար։ Այդ առուով դրական եմ վերաբերում։ Բայց այստեղ կան ստորգետնյա քարեր, որովհետև խոսակցություններ են գնում, որ գալիս է  քաղաքականություն մտնի։ Դա միանշանակ բացասական է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Պետրոսյանի՝ բիզնեսմենը չպետք է քաղաքականությամբ զբաղվի․ «Բացի դրանից՝ ինքը  շատ լավ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի՝ այսինքն հին համակարգի հետ։ Դա որևէ լավ հույս չի ներշնչում։ Ուստի որպես Արցախ եկող քաղաքացի՝ ողջունում եմ, բայց դեմ եմ նրա քաղաքականություն մտնելուն»,-ասաց մեր զրուցակիցը։

Տարօրինակ չէ՞, որ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելով Վարդանյանը գալիս է մի երկիր, որի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, հարցին ի պատասխան, Տիգրան Պետրոսյանն ասաց․ «Տարօրինակ շատ բաներ կա։ Հիմա մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանը գալիս Արցախ։ Մի փոքր ավելի շուտ տեսանք, որ գրեթե նույն ձև եկել է Հայաստան՝  փիարով ու ԶԼՄ-ներին հարցազրույցներով։ Ինձ թվում է, որ այն, ինչ իր մոտ չի ստացվել Հայաստանում, այդ նույն բանը փորձում են Արցախում իրականացնել։ Նման կարծիք կա այստեղ։ Իհարկե նաև կան տեսակետներ,  որ նա հայտնվել է պատժամիջոցների տակ և  ՌԴ քաղաքացիությունից հրաժարվում է, որ այդ պատժամիջոցներից ազատվի։ Բայց սրանք ընդամենը ենթադրություններ են»։

Մեր զրուցակիցը հնարավոր համարեց Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպումը․ «Այդ դեպքում կոնկրետ հարցեր կուղղենք, որպեսզի հասկանանք, թե ինչու է այստեղ եկել»։

Տիգրան Պետրոսյանը նշեց, որ Արցախում հանրության գիտակցությունն ավելի ցածր մակարդակի է, քան Հայաստանում․ «Ով ինչ ուզում է ասի՝  Ռուբեն Վարդանյանը «դեմք» է, հարուստ է, լավ ծանոթություն, շրջապատ ունի։ Քանի որ մարդիկ հուսահատված ու հուսալքված են, նման մարդու գալը հնարավոր է նրանց մոտ փրկության ինչ-որ նշույլներ է առաջացնում։ Ասում են՝ երևի Պուտինն է ուղարկել։ Դրա համար որոշ ոգևորություն կա։ Ավելի շատ ոչ թե ոգևորություն, այլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Եթե  տեսել եք՝ որոշ տելեգրամյան ալիքներ նրան կապել են մեզ հետ։ Իբրև թե մենք որ փողոց ենք դուրս եկել՝ նրա հետ ենք համագործակցում, արդեն ինչ-որ պաշտոնի  մարդկանց ենք նշանակում։ Ես հավաստիացնում եմ, որ նման բան չկա։ Ես երբեք Ռուբեն Վարդանյանի հետ պարզ խոսացած չկամ։ Դա ինչ-որ երրորդ ուժեր են անում։ Չեմ կարծում, որ Ռուբեն Վարդանյանը կեղծ լուրեր տարածեր։ Որոշ ուժեր ուզում են կամ մեզ կռվացնել կամ  պարզապես իրենց նեղ անձնական շահերի համար են նման  ինֆորմացիա տարածում»։

Աղբյուրը՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.