ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահներին ուղղված դաշինքով հանդես գալու Առաջարկին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Արձագանքելով Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակմանը` հայտնում ենք, որ զարմանալի էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից այս հրապարակումն անելը՝ առանց հանդիպման մյուս կողմերին նախապես տեղեկացնելու։

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահի հայտնած դիրքորոշումը առ այն, որ ՀՀ առաջին նախագահի ներկայացրած առաջարկի քննարկումները հեռանկարային և արդյունավետ կարող էին դիտվել բոլոր կողմերի սկզբունքային համաձայնության դեպքում։

Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցելու՝ ՀՀ առաջին նախագահի կողմից այսօր կրկին արված առաջարկին, ապա հիշեցնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահի գլխավորած Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:

Սերժ Սարգսյանի դիրքորոշումն է, որ ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար անհրաժեշտ է ընտրել արդյունավետ մարտավարություն, ուստի կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարը կարող է իրականացվել տարբեր ձևաչափերով»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նույնպես պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը, որում նա նշել էր, որ ինքը նախկին նախագահներին առաջարկել է դաշինքով հանդես գալ ընտրություններին։ Վիկտոր Սողոմոնյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև․

«Մենք միշտ սկզբունքորեն դեմ ենք եղել ոչ հրապարակային հանդիպումների մանրամասների միակողմանի բացահայտմանը։ Կոռեկտ չէ։ Հատկապես, երբ այդպիսի մանրամասներ պատմողը խեղաթյուրում է դրանց բովանդակությունը։ Ինչեւէ։ Մարտի 25-ին տեղի ունեցած` ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը կայացել է Տեր-Պետրոսյանի առաջարկով։ Նախագահ Քոչարյանին հանդիպման առաջարկի մասին պատմել է Բակո Սահակյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ Տեր-Պետրոսյանն արտահերթ ընտրություններին համատեղ մասնակցելու գաղափար ունի։

Նախագահ Քոչարյանը մերժել է այդ գաղափարը, ինչի մասին Բակո Սահակյանը տեղեկացրել է Տեր-Պետրոսյանին։ Վերջինս, այնուամենայնիվ, առաջարկել է, որպեսզի հանդիպումը կայանա։ Եվ այն տեղի է ունեցել։Հանդիպման ժամանակ իրոք քննարկում չի ծավալվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը կրկին մերժել է խնդրո առարկա առաջարկը՝ պատճառաբանելով բարոյական նկատառումով, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում այլ ձևաչափով մասնակցելու մտադրություն ունի։ Բացի դրանից, այդ քայլը կհարվածի «Հայրենիքի փրկության շարժմանը»։

Սա է եղելությունը։ Կարող է թվալ, թե Տեր-Պետրոսյանն ամեն բան ճիշտ է ասել, ու ես ընդամենը կրկնում եմ նրա պատմությունը։ Բայց այդպես չէ. մասնավորապես, կարծես թե պատահմամբ, նա վրիպում է, թե «Հայրենիքի փրկության շարժումը» Նախագահ Քոչարյանն էր ստեղծել։ P.S. Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին միասին գնալու առաջարկությանը, ապա մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձեւաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»։

Բաժանորդագրվե՛ք եղեք տեղեկացված և տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *