civic.am-ը գրում է:

«Պատգամավորական անձեռնմխելիությունը չի տարածվում Քոչարյանի վրա։ Կաշառքի գործով քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրա պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը։ Հետևաբար այսօր նրա անձենմխելիության խնդիրը օրակարգ բերելով, արհեստական խնդիրներով ուզում են Քոչարյանին լրիվ մաքրել»,

Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սեդա Սաֆարյանը։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, Ռոբերտ Քոչարյանի կաշառք վերցնելու գործով հայտարարեց, որ դատավարությունը շարունակելու համար խոչընդոտ է ի հայտ եկել։ Ըստ դատարանի՝ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պատգամավորի կարգավիճակ ստանան, խնդիր է առաջանալու նրանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման հետ։ Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանական կողմը ներկայացնի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ որոշումը։

Ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը, որտեղ նկարագրված են քաղաքական ուժերի ստացած ձայների և համապատասխան տոկոսային հարաբերակցությունները, ինչպես նաև տրամադրվող մանդատների թվաքանակը։ Ըստ ԿԸՀ որոշման՝ «Հայաստան» դաշինքն ստացել է 29 մանդատ։ Բացի դա, Վարդևանյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել ՍԴ, որտեղ հարցի վերջնական լուծման ժամկետն սպասվում է մոտավորապես հուլիսի 26-ին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դատարանը որոշեց մեկ ամսով հետաձգել գործի քննությունը՝  նշանակելով հաջորդ նիստը օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ին։ 

«Ի՞նչ է նշանակում՝ հիմա էլ անձեռնմխելիությունն է խոչընդոտ։ Անձեռնմխելիությունը այս գործով  Քոչարյանին չի վերաբերում։ Քոչարյանի փաստաբաններն էլ բառախաղով են զբաղված։ Սկզբում ասում են, որ հանցագործությունը կատարվել է այն ժամանակ, երբ նա պատգամավոր չէ, հիմա էլ ասում են, որ հանցագործությունը չի կարող բացահայտվել, Քոչարյանը չի կարող մեղադրվել, քանի որ պատգամավոր է և անձեռնմխելիություն ունի ու նրան չի կարելի անձեռնմխելիությունից զրկել»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե Քոչարյանը դառնա պատգամավոր, ապա եթե անհրաժեշտություն լինի՝ գլխավոր դատախազությունը պետք է հանդես գա նրան անձռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ և Ազգային Ժողովը պետք է թույլատրի դա։

Փաստաբանի դիտարկմամբ՝ դատարանը շարունակաբար օգնություն է ցուցաբերում Քոչարյանին ու նրա թիմին. «Ես այլևս չեմ կարող չխոսել դատարանի լկտիության մասին։ Դատարանն այնքան ձգեց կաշառքի գործը լսելը, մինչև Քոչարյանը դառնա պատգամավոր։ Եթե Քոչարյանը պատգամավոր էլ չդառնար, դատարանն այնքան էր ձգելու, մինչև մի ուրիշ բան լիներ։ Ես հստակ աջակցություն եմ տեսնում դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին։ Այսպիսի անամոթ վիճակ աշխարհի ոչ մի երկրում չկա։ Եթե անգամ ընդունենք, որ Մարտի 1-ի գործի իրենից բարդություն էր ներկայացնում, ապա կաշառքի գործով մի քանի հոգու պետք է հարցաքննեին։ Այդ ի՞նչն էր խանգարում այդ գործը արագ քննել, վերջացնել։ 7-8 ամիս ինչո՞վ էին զբաղված։ Արդարադատության բուն էությունը խաթարելով, արդարադատության բուն էությունը ոտնահարելով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց պատասխանատվությունից ազատելու անվերջանալի գործընթաց է սկսվել։ Այդ գործընթացը սկսվել է 2009 թվականից ու շարունակվում է մինչև հիմա։

Ես չգիտեմ ինչ են մտածում մեր պետական այրերը այս գործն այսպես շարունակաբար տապալելու վերաբերյալ»,- ասաց Սաֆարյանը՝ եզրափակելով, որ այս ամենի ֆոնին օրենքի դիկտատուրա, համակարգային վեթինգ և այլ արտահայտությունները պարզապես անլուրջ են։ «Եթե մեր երկրում օրենքի դիկտատուրա լիներ, այդ մարդիկ այսօր չէին համարձակվի անձեռնմխելիության հարց բարձրացնել»,- եզրափակեց Սաֆարյանը։

Նշենք, որ կաշառքի գործով մեղադրող դատախազ Պետրոս Բաղդասարյանը նույնպես այսօր իր առարկությունը հայտնեց՝ նշելով, որ քրեական հետապնդումը հարուցվել է նախքան նրանց պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, հետևաբար անհասկանալի է, թե ինչ սահմանադրական կարգավորումներ է դատարանը վկայակոչում։

Կարդացե՛ք նաև

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *