Հայաստանում նախկին համակարգը չի վերադարձել, ինչպես պնդում են շատերը խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, դժգոհություն կամ մտահոգություն հայտնելով ընտրության արդյունքից, մասնավորապես այն հանգամանքից, որ նախկին երկու նախագահների գլխավորած ուժերը դարձել են խորհրդարանական ընդդիմություն: Հայաստանում պարզապես չի հաստատվել նոր համակարգ, որը իր բնույթով և որակով զգալիորեն տարբեր կլինի նախորդից: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ  Սարգսյանը քաղաքականապես չեն վերակենդանացել:

Նրանք պարզապես քաղաքականապես չեն «մահացել», որովհետև չի ծնվել նորը: Նոր քաղաքականի ծնունդը ոչ թե գրանցումն է պետռեգիստրում կամ մասնակցությունն ընտրությանը, այլ ներկայացումն ու մատուցումը հանրությանը՝ ինքնամատուցումը, երբ հասարակությունը ոչ միայն կլսի, այլ կտեսնի և կշոշափի: Երբ դա չկա, բնականաբար մնում է այն, ինչ կար: Ի վերջո «սուրբ տեղը դատարկ չի մնում»:

Հետևաբար, հետընտրական անկումային տրամադրություն սերմանելու փոխարեն, թե իր համամասնության մեջ հաղթեց, վերադարձավ նախկին համակարգը, անհրաժեշտ է հասարակությանը տրամադրել նոր համակարգ, նոր միջավայրեր ստեղծելու ուղղությամբ, որտեղ առաջին հերթին պետք է ներդաշնակեցվեն Հայաստանի արտաքին ու ներքին, անվտանգային և սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգեբանական խնդիրները: Սրանք ուղղակիորեն շաղկապված են, հետևաբար հայկական քաղաքականության արդյունավետության բանալին այդ խնդիրների համադրվածության առավելագույնս բարձր աստիճանն է, երբ հանրությանը շոշափելիորեն կպատկերացնի ներքին ու արտաքին փոխկապակցվածությունը:

Այդ հասարակությունն է, ի դեպ, որ ունենալու է տեղեկատվական կամ այլ բնույթի սադրանքների հանդեպ հնարավորինս բարձր իմունիտետ: Սա ահռելի, բարդ աշխատանք է, ոչ միայն քաղաքական աշխատանք, այլ հասարակական, երբ այդ աշխատանքով կզբաղվենն հանրային սուբյեկտներ՝ առանց քաղաքական առաջնային շահագրգռությունների: Նրանք նաև կձևավորեն պլատֆորմներ, ինչի շնորհիվ կսահմանվի քաղաքական պատասխանատվության նոր նշաձողեր:

Հայաստանում մեծ հաշվով քաղաքական խորքային բացերից մեկը եղել է հասարակության «ապաքաղաքական» գործառութավորումը: Հենց դա է նախկին համակարգը, առանց անձերի, անձերից վեր ու անձերից անկախ: Այդ իմաստով ունեցել եմ արտահայտվելու առիթներ, որ Հայաստանում մինչև 2018 թվականը գործած նախկին համակարգը բյուրեղացվել և մարդկային հոգեբանության մեջ էր ներդրվել այնքան, ու այնպես, որ այդ համակարգը ըստ էության դարձել էր իր իսկ «ծնողներից» և իր այսպես ասած առաջնորդներից անկախ:

Ըստ այդմ, այդ համակարգի՝ «քաղաքական իմաստով «մահ» կարող է լինել ոչ թե քաղաքականության ասպարեզից այս կամ այն անձի հեռացումով, այլ նոր քաղաքական համակարգի «ծնունդով», որտեղ հանրային սեգմենտը ապաքաղաքական կլինի միայն հետապնդվող շահի, բայց ոչ գործունեության բովանդակության իմաստով:

Կարդացե՛ք նաև

Աղբյուր՝

от OK NEWS

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *